«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Մերձավոր Արևելքը «Գլոբալ Մերձավոր Արևելքի» վերափոխելու ամերիկա-իսրայելական ծրագրի իրականացման ճանապարհին

Մերձավոր Արևելքը «Գլոբալ Մերձավոր Արևելքի» վերափոխելու ամերիկա-իսրայելական ծրագրի իրականացման ճանապարհին
06.02.2015 | 00:15

Հունվարի վերջերից աշխարհը սկսել է ծանոթանալ մի ամբողջ շարք իրադարձությունների նուրբ մանրամասներին, որոնք 1,5-2 տարի է, ինչ պայթեցնում են երկրների ու ամբողջ տարածաշրջանների տեղեկատվական տարածությունները։ Այ, օրինակ, վերցնենք 2015 թ. հունվարի 22-ին Պակիստանի Լահոր քաղաքում ձերբակալված Յուսեֆ ալ Սալաֆիի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկի հայտնությունները (անկեղծ ասած` վաղուց սպասվող)։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ ԱՄՆ-ից միջոցներ է ստացել Պակիստանում խմբավորում ստեղծելու և Սիրիայի մարտական գործողությունների համար երիտասարդությանը հավաքագրելու նպատակով։ Նրա տվյալներով, ամեն նորակոչիկի հաշվով նախատեսված է եղել 600 դոլար։ Ալ Սալաֆին հայտարարել է նաև. «ԱՄՆ-ը պետք է ցրեր այն տպավորությունը, որ ինքը «Իսլամական պետությանը» ֆինանսավորում է իր սեփական շահերից ելնելով, ու հենց դրա համար էլ սկսել է հարձակումը Իրաքի խմբավորման դեմ և ոչ թե Սիրիայի։ Աշխարհին այս մասին հայտնեց Պակիստանի անգլալեզու «Tribune» թերթը։

Դժվար է ասել, թե դա գերնորություն է։ Դեռ անցած տարի մենք Հայաստանի հասարակությանը հաղորդել էինք, որ կիսապաշտոնական «Tehran Times» թերթը տեղեկության արտահոսք թույլ տվեց «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն (ISIL). տարածաշրջանային անկախ դերակատա՞ր, թե՞ ԿՀՎ-Մոսադի հոգեզավակ» վերնագրով հոդվածի ձևով։ Իրանցի հեղինակները, վկայակոչելով Իրանի հատուկ ծառայությունների աղբյուրը և փախուստի դիմած ամերիկացի հետախույզ Էդվարդ Սնոուդենին, հաղորդում էին. «Իսլամական պետություն» խմբավորումն իրականում ԿՀՎ-ի ու Մոսադի հոգեզավակն է։ ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մակքեյնը լուսանկարվել է ISIL-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հետ, որն իրականում սիոնիստական Մոսադ հետախուզության հրեա գործակալ Շիմոն (Սայմոն) Էլիոթն է։ Իրական նպատակն է եղել ներխուժել այն երկրները, որոնք կարող են վտանգ ներկայացնել աստվածաշնչային «Մեծ Իսրայել» ստեղծելու իսրայելական նախագծի համար։ Այնպես որ, ձերբակալված Յուսեֆ ալ Սալաֆին ընդամենը հաստատել է Իրանի հատուկ ծառայությունների տեղեկություններն ու «Tehran Times» թերթի հոդվածի տվյալները։
Այդուամենայնիվ, եթե խորամուխ լինենք, ապա ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների համառ լռությամբ ուղեկցվող ահաբեկիչ Յուսեֆ ալ Սալաֆիի խոստովանությունն արդեն հանգեցնում է այն բանին, որ արևմտյան մայրաքաղաքներում աստիճանաբար խուճապ է սկսվում։ Իհարկե, Արևմուտքում խուճապային հիստերիայի բռնկման ու տարածման առիթներն առանց Յուսեֆ ալ Սալաֆիի ու Պակիստանի էլ շատ են։ Այն բանից հետո, երբ Իսլանդիան հետ վերցրեց Եվրամիություն մտնելու իր հայտը, իսկ ԵՄ անդամ Հունաստանը համառորեն հասավ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խամաճիկների իշխանության փոխարինմանը «Սիրիզա» բլոկով, որն արդեն սկսել է շրջափակել Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները խստացնելու կամ երկարաձգելու ԵՄ քայլերը, ակնհայտ է դառնում, որ 2005-2006 թթ. ընթացքում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և ամերիկյան մի շարք այլ հատուկ ծառայությունների զեկույցներն այն մասին, թե 2020-2030 թթ. կարող է սկսվել ԵՄ կառույցի փլուզումը, ֆանտաստիկա չէին։ Արդյոք դրանք ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կանխարգելիչ ծրագրե՞ր էին` թույլ չտալու, որ Եվրամիությունը դառնա աշխարհաքաղաքական մի նոր բևեռ, թե՞ հանճարեղ մարգարեություն և կանխատեսումներ էին` հիմնված Եվրոպայի առաջադեմ երկրների հասարակությունների ներքին կառուցվածքների մանրամասն ուսումնասիրման ու խնամքով վերլուծության վրա, մեզ հայտնի չէ, ասենք հիմա դա սկզբունքային էլ չէ։ Փոխարենը, ըստ էության, ԱՄՆ-ի գործակալի խոստովանությունները` ի դեմս ոչ թե մի ինչ-որ շարքային ահաբեկչի, այլ ԻՊ ֆաշիստական վահաբական խմբավորման առաջնորդներից մեկի` Յուսեֆ ալ Սալաֆիի` Վաշինգտոնից լիուլի օգնություն ստանալու մասին, ընդ որում` խոստովանելով, որ ԱՄՆ-ն ԻՊ խմբավորումից սարքել է «սիրիական ընդդիմության» վարժեցման անցումային փուլ, բավական մոտ ապագայում կարող է մոլորակը հանգեցնել աշխարհաքաղաքական լայնածավալ բախումների։
Ահաբեկիչ ալ Սալաֆին միաժամանակ ցրեց ԱՄՆ-ի «վեհ կերպարը» որպես հերթական «ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիայի» նախաձեռնողի։ Իսրայելի հետ «փայատիրական սկզբունքով» ստեղծելով ԻՊ խմբավորումը, այնուհետև առատորեն ֆինանսավորելով այն, հենց Վաշինգտոնն էր (իհարկե` նաև Իսրայելը), որ հանկարծ ավազակային ջոկատները նետեց քրդերի, եզդիների, հայերի, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի և Հյուսիսային Սիրիայի մյուս քրիստոնյաների դեմ։ Հատկանշական է հետևյալ հանգամանքը. ահաբեկիչ ալ Սալաֆիի խոստովանություններից հետո հենց քրդական փեշմերգի միավորումներին հաջողվեց ԻՊ-ի զինյալներից ազատագրել սահմանային բազմաչարչար Այն-Էլ-Արաբ քաղաքավանը (կամ Քոբանին)։ Իսկ Հյուսիսային Սիրիայի մեկ այլ մասի հայերին ու քրդերին հաջողվեց ջախջախել Թուրքիայի օգնությամբ ստեղծված և մեծ մասամբ թուրք և ադրբեջանցի վարձկաններից բաղկացած «սիրիական ընդդիմության» զինյալների մի խոշոր ջոկատ։ Զուգադիպությո՞ւն է։ Հնարավոր է նաև զուգադիպություն է, թեև խոշոր աշխարհաքաղաքական «խաղերում» զուգադիպություններ հազվադեպ են լինում, ավելի հաճախ մենք գործ ենք ունենում «մրցակիցների» նախապես պատրաստված գործողությունների օրինաչափ արդյունքների հետ։ Հաշվի առնելով, որ դեռ 2014-ի հունիսին Իրանի ղեկավարությունն աշխարհին պաշտոնապես նախազգուշացրել էր, որ ոչ մի պարագայում թույլ չի տա իրականացնել «Իրաքը մասնատելու իսրայելական ծրագիրը», մենք լիիրավ ենք ենթադրելու, որ մեր հարավային հարևանները լիովին մասնակից կարող են լինել այն բանին, որ 2015 թ. սկզբից սկսվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի խամաճիկների բացահայտ անհաջողությունների փուլը։ Իհարկե, այդ ուժերը ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի ու Թուրքիայի խամաճիկներն են։ Ընդգծենք` հենց այն երկրների, որ շարունակ և համառորեն հրաժարվում են ճանաչելուց ու դատապարտելուց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և Անդրկովկասում 1915-1923 թթ.։
Որ խուճապ է Արևմուտքում, քիչ է ասել։ Չէ՞ որ ԱՄՆ-ի գործակալներն իրենք են խոստովանել, որ ԱՄՆ-ի հովանու ներքո հերթական «հակաահաբեկչական կոալիցիան» ավելին է, քան աշխարհի հերթական խաբեություն։ ԱՄՆ-ի խուճապահար նախագահ Բարաք Օբաման փետրվարի 1-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հանկարծ բաց տեքստով հայտարարեց, որ ԱՄՆ-ը մասնակցություն է ունեցել մեկ տարի առաջ Կիևում տեղի ունեցած իրադարձություններին։ «Մենք որպես միջնորդ էինք հանդես գալիս ՈՒկրաինայում իշխանության փոխանցման գործում»,- ասաց Սպիտակ տան ղեկավարը։ Ասել, թե աշխարհում անաչառ ու ողջախոհ մարդիկ տեղյակ չեն եղել դրան, չափազանցություն կլինի։ Բոլորն են հիշում «Եվրոպային վիրավորած տխրահռչակ Վիկտորյա Նուլանդին իր «գալեթներով ու պեչենիներով» Կիևի փողոցներում և հրապարակներում։ Հա, բայց երկար ժամանակ ԱՄՆ-ը որպես առաջին ջութակ էր հանդես գալիս արևմտյան երկրների համահավաք նվագախմբում, որոնք պնդում էին, թե դա միայն և միայն «ուկրաինական ժողովուրդն է ապստամբել» և այլն, և այլն։ ԱՄՆ-ն ապացուցում էր, թե ինքն առհասարակ կապ չունի ՈՒկրաինայի իրադարձությունների հետ։ Եվ հանկարծ նման «անակնկալ», և այն էլ հենց ԱՄՆ-ի նախագահի կողմից։ «Մեկ տարուց ավելի ամերիկյան դիվանագիտությունը ինչպես կարողանում էր և ապացուցում էր, որ իր երկիրը կապ չունի «Մայդան-2013»-ի և «Պետական հեղաշրջում-2014»-ի հետ։ Մեկ տարուց ավելի մերկացնում և ինքնըստինքյան Լինչի դատաստանի էին ենթարկում Ռուսաստանին, որը «հրահրել էր ՈՒկրաինայի իրադարձությունները», «բնակչությանը զոմբիացրել էր քարոզչությամբ», «պլանավորել և իրականացրել էր Ղրիմի սցենարը»,- փետրվարի 2-ին այսպես մեկնաբանեց իրավիճակը Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Մարիա Զախարովան։
Նրա կարծիքով, ԱՄՆ-ի նախագահը բացահայտորեն չի մտածել Եվրոպայի մասին, անելով այսպիսի հայտարարություն. «Դուք Եվրոպայի մասին մտածե՞լ եք։ Հիմա նրանք իրենց արտադրողներին ինչպե՞ս բացատրեն, թե ինչու են նարինջը խոզերին կերցրել, և այն էլ պլանից դուրս։ Թեև Միացյալ Նահանգները, ինչպես ասեմ, որ դիվանագիտորեն լավ հնչի, վաղուց է հարգում Եվրոպային և հնարավոր չի համարում մի ավելորդ անգամ անհանգստացնել նրան»։ Ինչ ճիշտ է, ճիշտ է։ Բոլորը հիշում են 2014 թ. Եվրոպայի հասցեին նույն Վ. Նուլանդի կատարմամբ հնչած «Europe do to hell» կարգի կոպիտ վիրավորանքները, երբ ԱՄՆ-ի «գործընկերներից» որևէ մեկը վախվորած տրտնջում էր, թե Եվրոպան էլ կարող է իր շահերն ունենալ ՈՒկրաինայում և Ռուսաստանում։ Եվ հիմա ճիշտ են ՌԴ արտգործնախարարությունում, համոզմունք հայտնելով, որ, երևի, Օբամայի այդ խոսքերից հետո պետք է «նոր հայտնություններ» սպասել ԱՄՆ-ից։ Նույն Մ. Զախարովան նշում է. «Ցանկալի կլիներ հռետորներին լսել նաև մյուս` մինչ այս համեստորեն լռության մատնված թեմաների առնչությամբ։ Օրինակ` մալայզիական «Բոինգի»։ Դե ինչ, արդարացիորեն է ընդգծված. չէ՞ որ հենց օդանավի աղետից հետո անցած տարվա ամռանը ԱՄՆ-ը ԵՄ երկրներին «ստորագրել տվեց հակառուսաստանյան պատժամիջոցների հերթական փաթեթը»։ Թեև մինչ օրս էլ Պորոշենկոյի վարչակազմի «խնամակալները» այդպես էլ չեն կարողանում ոչինչ ասել նույնիսկ արևմտյան փորձագետների այն կարծիքին ի պատասխան, թե տարաբախտ մալայզիացիներին խփել է ուկրաինական Cy-25 գրոհային ինքնաթիռը։ Իսկ դա՞ չէր, արդյոք, պատճառը, որ փետրվարի 3-ին Կիևի ուժայիններն արդեն հետ էին մղում դժգոհների գրոհները Պորոշենկոյի նախագահական նստավայրի վրա, որ ԱՄՆ-ում ընկնում են խուճապային հիստերիայի մեջ և կանգնած են երկընտրանքի առջև. կամ «մինչև վերջին ուկրաինացին» պաշտպանել Կիևի իրենց խամաճիկներին», կամ էլ «փոխել կադրերին» Կիևի իշխանական Օլիմպոսում ավելի վաղ իրականացված «վրացական սցենարի» օրինակով, երբ բացահայտ ծայրահեղական Սաակաշվիլուն, որը հլու-հնազանդ կատարում էր «վաշինգտոնյան կենտկոմի դիրեկտիվները», փոխարինելու եկան «վաշինգտոնյան կենտկոմի» ոչ բացահայտ կատարողներ Իվանիշվիլին և ուրիշներ։
Այսպես թե այնպես, հասկանալի է, որ մեծ տերությունները ձևավորվող աշխարհաքաղաքականության նրբին և «հանգուցային» հարցերի իրենց լուծումները կգտնեն։ Մեր խնդիրն այն է, որ հիմա Հայաստանն էլ է բացահայտ կամ ոչ բացահայտ ներքաշված Անդրկովկասի «կրկնական պայթյունի» նախապատրաստման ամերիկյան ծրագրի ուղեծիր։ Ահա ձեզ քաջ հայտնի կիսասադրիչ Արիել Քոենի գլխավորած «ամերիկյան փորձագետների» ելույթները Վիլսոնի կենտրոնում` Ռուսաստանը և Կովկասում նրա բոլոր շահերը թաղելու բացահայտ նույնիսկ ոչ թե ակնարկներով, այլ կոչերով ¥սրանք ներկայացնում են ԱՄՆ-ի ռազմավարական հետազոտությունների տխրահռչակ «Ժառանգություն»` «Heritage Foundation» կենտրոնը, որը զբաղվում է նեոպահպանողական դիրքերից միջազգային քաղաքականության լայն հետազոտություններով¤։ Ահա ոմն Դևիդ Հերշերնհոռն ամերիկյան «Նյու Յորք թայմս» թերթ է խցկել փաստորեն ադրբեջանամետ մի խզբզոց իբր հակամարտության գոտու ճակատային գծում իրադրության սրման մասին։ Իսկ իրականում հոդված կոչեցյալը մեղադրական մի բարբաջանք է ընդդեմ Հայաստանի, ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների։ Ահա նաև ամերիկյան «Stratfor» հետադիմական վերլուծական կենտրոնի հրապարակումը «Բելառուսն ու Հայաստանը վերանայում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ» վերնագրով։ Ի՞նչն է հատկանշական. «Stratfor»-ի ամերիկացիների մտքով իսկ չի անցնում թաքցնել, որ Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշման վերանայման «հաջողության» դեպքում իրադրությունից օգտվելու փորձ կարող են անել Արևմուտքը և, իհարկե... Թուրքիան։ Ավելացնենք. վերջապես կկատարվի ԱՄՆ-ի երկնագույն երազանքը Հայաստանի առնչությամբ. Հայաստանի վրա կարելի կլինի վերջնականորեն խաչ քաշել, նրան «ինտեգրելով» Թուրքիայի ամենատարբեր համակարգերին` սկսած տնտեսականից։ Նախազգուշացնում եմ. միաժամանակ ստիպված կլինենք բաժանվել ոչ միայն Արցախից կամ արդարության վերականգնման երազանքից, թեկուզ և Հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Ամեն ինչից ստիպված կլինենք բաժանվել, առաջին հերթին` կյանքի իմաստից, մեր ազգի ինքնության պահպանման իմաստից։
Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ն այդքան հակահայկական տրամադրվածություն ունի։ Ոչ։ Պարզապես հայկական ինքնության պահպանումը և, Աստված չանի, ամրապնդումն ու զարգացումը մշտապես հոգս դառնան Մերձավոր Արևելքը «Գլոբալ Մերձավոր Արևելքի» վերափոխելու ամերիկա-իսրայելական ծրագրի իրականացման ճանապարհին։ Օրինակ, հայերը և իրենց ազգային ավանդապահությանը նրանց նվիրվածությունը բացահայտ գործոն են թե՛ ընդդեմ գլոբալացման` ամբողջությամբ վերցրած, թե՛ ընդդեմ հերթական արհեստական պետության ստեղծման, ասենք «Մեծ Քրդստանի»` ԱՄՆ-ի և Իսրայելի հովանու ներքո։ Իհարկե, հայկական գործոնի վերացմամբ ԱՄՆ-ը հսկայական խնդիրներ կառաջացնի տարածաշրջանում ¥նույն Սիրիայում և Իրաքում¤ իր գլխավոր մրցակիցների` Իրանի ու Ռուսաստանի համար։
Նորից ու նորից եմ կրկնում. Հայաստանի ու հայերի գործը չէ ներգրավվելը Հարավային Կովկասում մեծ տերությունների մրցակցության մեջ, կամ նույնիսկ Իրանի հետ Արևմուտքի մրցակցության մեջ։ Եվ, թերևս, ժամանակն է, որ պետությունն ու ազգը «կողմնորոշվեն», թե ժողովրդի ու երկրի ապագայի համար ինչն է առաջնային, ինչը` երկրորդային։ Ցավոք, շատ պետություններ այս կամ այն չափով անտեսել են Հայաստանն ու մեր շահերը կամ նույնիսկ բացահայտորեն արհամարհել են մեզ և մեր շահերը։ Սա պատմական ճշմարտություն է, և պետք չէ այն որևէ կերպ գունազարդել հօգուտ այս կամ այն մեծ տերության։ Սակայն կամազուրկ ընթացքը դեպի ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա «եռյակ», այն դեպքում, երբ «Թուրքիայի համար» (ինչպես նաև «Քրդստանի խնդրի» համար) ԱՄՆ-Իսրայել «զույգի» դեմ այսօր պայքարի մեջ են մտնում ոչ թե պարզապես Ռուսաստան-Իրան տանդեմը, այլև ՌՀՉ (Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան) ձևաչափը, իմ կարծիքով, կդառնա հայ քաղաքական գործիչների վերջին սխալը հայկական քաղաքական մտքի ամբողջ պատմության ընթացքում։ Իհարկե, եթե հպարտորեն համարենք, թե 1991 թվականից հետո մենք առհասարակ ունեցել ենք այնպիսի հասարակական երևույթ, ինչպիսին «հայկական քաղաքական միտքն» է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3568

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ